Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., ԻտալիայիՊալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Թրաֆիքինգ կամ մարդկանց առևտուր է համարվում հետևյալ գործողությունների օգնությամբ իրականացվող մարդկանց հավաքագրումը, տեղափոխումը, փոխանցումը, թաքցնումը.
- բռնի ուժ կամ սպառնալիքներ
- առևանգում
- խաբեություն
- փաստերի սխալ ներկայացում կամ սխալների շահագործում, կամ ձեռնարկվող գործողությունները ճիշտ ընկալելու անկարողության օգտագործում
- իշխանության կամ կրիտիկական և անօգնականության վիճակի օգտագործում
- ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար անձնական շահի հետապնդում կամ կաշառքի ընդունում կամ այլ անձի կաշառում:
