Էպոսի բովանդակությունը
Էպոսում գործում են վիպական հերոսների չորս հիմնական սերունդ, որոնք միմյանց հետ կապված են ազգակցական կապերով: «Սասնա ծռերը» բաղկացած է 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:
Էպոսի առաջին հերոսները Սանասարն ու Բաղդասարն էին, նրանք հայոց Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի զավակներն էին: Ծովինարը հայրենի հողը լքելուց առաջ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր էր խմել Կաթնաղբյուրից: Լիքը բռից ծնվում է խոշորակազմ և ուժեղ Սանասարը, իսկ կիսատ բռից՝ փոքրակազմ Բաղդասարը: Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:
Սանասարին հաջորդում է իր որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Մեծ Մհերին նաև ասում էին Առյուծաձև Մհեր, քանի որ գոտեմարտել էր հսկա առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Վիպասացները նկարագրում էին, որ ինչպես նժույգին հեծած Սանասարը «մեկ սար էր սարի վրա», այնպես էլ նրա որդի Մհերը «խոջա ամրոց էր նստած ձիու վրա»: Մհերը նաև մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից:
Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տեր լինի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:
Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր էպոսի առանցքային կերպարը: Էպոսում հենց Դավիթի կերպարի միջոցով են արտահայտվել հայ ժողովրդի վեհ գաղափարները, խոր հույզերն ու բոլոր նվիրական իղձերը: Հենց Դավիթն էր, ով կռվելով կրտսեր Մըսրա Մելիքի հսկայական զորքի դեմ, սրի մեկ հարվածով սպանում է նրան և Սասունն ազատում է հարկերից և արաբների իշխանությունից: Դավիթն ունենում է մեկ որդի՝ Փոքր Մհերը, որին մահից առաջ անիծում է, քանի որ մենամարտի էր բռնվել իր հետ՝ չիմանալով որ իր հայրն է:
Դավիթը Մհերին անիծում է, որ անմահ լինի և անժառանգ: Փոխարինելով հորը՝ Փոքր Մհերը քաջաբար պատերազմում է Դավիթի թշնամիների հետ և լուծում հոր վրեժը: Եվ իհարկե, կատարվում է հոր տված անեծքը և «Սասնա ծռեր»-ի վերջին հերոսն, այդպես էլ անժառանգ ծերանալով, փակվում է Ագռավաքարում և պատգամում.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն:
Եվ այսպես էլ Փոքր Մհերը, անժառանգ մնալով, ավարտում է հայկական հերոսավեպը:
Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:
Աղբյուր՝ armgeo.am
Էպոսի առանձնահատկությունները
Բոլոր էպոսներում,ինչպես նաև Սասնա Ծռերում ցուցադրում են պետական խնդիրներ:Այս էպոսում պետականության խորհրդանիշը համարվում է բերդը:Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Սասնա ծռեր» էպոսը մեզ ուսուցանում է հսկայական տեղեկություններ հայ ժողովրդի ապրելակերպի, ընտանիքի և հասարակության մեջ փոխհարաբերությունների, կրոնի, ծիսական արարողակարգերի և հավատալիքների մասին:
Սասունցի Դավթի արձան
Սասունցի Դավթի արձանը հիմնադրվել է 1959 թթ,քանդակագործը Երվանդ Քոչարն է,ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլիանվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին։ «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
Աղբյուր՝ armgeo.am
