Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սերնդեսերունդ

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի  գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։

Շատ հաճախ եմ ականատես լինում տարբեր սերնդների կոնֆլիկտներին:

Անշուշտ,մարդիկ, ովքեր ունեն մեծ տարիքային տարբերություն,մեծացել են տարբեր մենտալիտետներում ու հասարակությունում սովորաբար չեն համընկնում կարծիքներում և կյանքի տեսանկյուններում:

Մեր մեծերը սովոր են միշտ ՝բավարարվել քչով,միշտ ունեն կարծրատիպներ,և չեն փորձում շարժվել առաջ,հարմարվում են կյանքի ամեն դրությանը:

Ես կարծում եմ,որ իհարկե միշտ պետք է հարգալից վերաբերվել մեզնից մեծ մարդկանց ,հաշվի առնել նրանց կարծիքը ու փորձել հասկանալ:Բայց մեկ տեղ ցանկանում եմ ստանալ նույնը:Ցանկանում եմ,որ ավելի փոքր սերնդի կարծիքնել միշտ կարողանան հաշվի առնել ու վերաբերվել հարգանքով:

Մեր սերունդը միշտ սովոր է ապրել ազատ ու առանց կարծրատիպների:Զերծ կապված ենք սոցցանցերից և համացանցից,ձգտում ենք միշտ հասնել ավելին ու ավելին:Իսկ մեծերը ընդհակառակը:

Այս խոսքերս ցանկանում եմ եզրափակել նրանով,որ անհրաժեշտ է ուղղակի լսել , հարգել միմյանց և փորձել հաստատել սոցիալական հավասարություն:

Նախագիծ ՚՚Իմ տունը իմ ամրոցն է՚՚

Եթե ուզում եք երջանկացնել ողջ աշխարհը, գնացեք տուն ու սիրեք ձեր ընտանիքը:

                                                                                                               Մայր Թերեզա

Ընտանիքս իմ համար ամենաառաջին տեղում է:
Մեր ընտանիքը ունի հայ-ռուս արմատներ:
Փոքրուց միշտ շփվել եմ և՜ հայերեն,և՜ ռուսերեն լեզուներով:Հիշում եմ,թե ինչպես էի միշտ փորձում ճիշտ խոսել տատիկիս հետ,ով միայն ռուսերեն էր հասկանում:Մայրս կիսառուս է ,իսկ հայրս հայ :
Փոքրուց ավելի շատ շփում եմ ունեցել քրոջս հետ,քանի որ ծնողներս միշտ աշխատանքի էին:
Ունեմ շատ-շատ հիշողություններ մանկուց:Ամեն ամառ ընտանիքով 2 շաբաթ անցկացնում էինք ծովի ափին՝ Վրաստանում: Նաև հիշում եմ մեր ամառանոցը,որտեղ շատ ժամանակ էինք անցկացնում ամռանը:
Միշտ պահպանում ենք հայկական ծեսերից մի քանիսը՝Սուրբ Ծնունդը,Սուրբ Զատիկը,Ծաղկազարդը:Սովորաբար այցելում ենք եկեղեցի ,իսկ հետո մայրիկս այդ տոներին շատ համեղ ուտեստներ է պատրաստում,իսկ ես ու քույրս միշտ փորձում ենք օգնել նրան:
Սիրում եմ մեր երեկոները միասին,երբ բոլորս հավաքվում ենք և խոսում ենք մեր առօրյաի մասին:Ունենք նաև նոր ավանդույթ,ամեն շաբաթ պատրաստել թխվածքաբլիթներ կամ տարբեր քաղցրավենիքներ:

Ես սիրում եմ իմ ընտանիքը,մենք ամեն ինչ կարող ենք անցնել միասին , և ես իսկապես կարող եմ ասել,որ իմ տունը իմ ամրոցն է:



Կիլիկյան Հայաստան

ԿԻլիկիայի աշխարհագրությունը հնում և այսօր:Կլիկիան որպես Թուրքիայի տարածք:

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։ Այս ժողովուրդներին, առաջին հերթին՝ հույներին է վերագրվում Կիլիկիայի բաժանումը երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։Հայտնի քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Զեյթունը, Սիսը, Այասը։ Վերջինս գտնվում էր Սարոս գետի երկու ափերին՝ համանուն Այասի ծոցում։ Կիլիկիայի թագավորության գոյության դարաշրջանում և դրանից հետո այն կոչվում էր Հայկական ծոց (այժմ՝ Իսքենդերունի)։ Այժմ Ադանա քաղաքը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից է, թվով չորրորդը՝ Ստամբուլից (հունարեն՝ Κωνσταντινούπολις, Կոնստանդինուպոլիս), մայրաքաղաք Անկարայից (հունարեն՝ Άγκυρα, նախկին Անգորա) և Իզմիրից հետո (հունարեն՝ Σμύρνη, Զմյուռնիա)։ Արևմտյան հատվածում Անթալիայի ծովածոցն է՝ համանուն նավահանգստով, իսկ արևելքում՝ Իսքենդերուն ռազմական նավահանգիստը (հունարեն՝ Αλεξανδρέττα, Ալեքսանդրետտա)։ Թուրքիայի կազմի մեջ է մտնում նաև հնագույն քաղաքներից Անտիոքը հուն․՝ Ἀντιόχεια, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ), որն այժմ վերանվանվել է Անթաքյա (թուրք.՝ Antakya), որը Սիրիայից, Ալեքսանդրետի շրջանի հետ 1923 թվականին Ֆրանսիան բռնակցել էր Թուրքիային։

Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մեր­ձափնյա երկրամասում’ Կիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլ’ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորւթյան (1198-1375):Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Կիլիկիայի Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով:X դ-ում Կիլիկիայում հայ բնակչու­թյունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուգանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից: 1042-80-ին Դաշտային Կիլիկիայի կառա­վարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր: XI դ-ի 2-րդ կեսին Լամբրոն բերդաքաղաքին ու շրջակա տարածքին տիրել է Ապլղարիպի փեսան’ գանձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղա­քին ու շրջակայքին’ Նաթանայելյանները (Նատալինյաններ), Քարուտ Կիլիկիային’ իշխան Խաչատուրը, Կիլիկիայի արևեյան շրջաններին’ Փիլարտոս Վարաժնունին: Վերջինիս իշխանության փլատակների վրա ձևավորվել է Գող Վասիլի (Կամսարականների իշխանատոհմից) իշխանու­թյունը (գոյատևել է մինչև 1112-ը): Են­թադրվում է, որ «Գող» մականունը նա ստացել է ռազմական հաջող գործողություննե­րում խորամանկության համար: XII դ. սկզբին հայկական իշխանություններից շատերը կործանվել են խաչակիր ասպետների ձեռքով:

Կիլիկյան Հայաստանի թագավորության հռչակում և ամրապնդում:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության[4]: 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

Լևոն Բ

Լևոն Բ-ն քաղաքական գործիչ է ու զորավար, Կիլիկիայի հայկական պետության իշխանապետը (Մեծ պարոն, 1187–98  թթ.) և թագավորը (1198–1219 թթ.): Անվանել են Մեծագործ, Բարեպաշտ,  Մեծահաղթ,  Բազմահաղթ պատվանուններով:Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր: 1187 թ-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջան՝ ներառյալ Պռականա բերդը: 1187 թ-ին հաղթել և  իրենից կախման մեջ է գցել Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92 թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա մայր տաճարում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը՝ հայկական ծեսով, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և Կիլիկիայի նահանգի ու Իսավրիայի»: Պատմագիրները Լևոն Բ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Ձգտելով ստեղծել կենտրոնացված և անսահմանափակ միապետություն՝ Լևոն Բ-ն հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): Նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական պետությունների (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ և այլն)  արքայատների հետ:Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմուդ Միակնանին, երկրից վտարել է ինքնակոչին աջակցած Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմուդ Միակնանին, երկրից վտարել է ինքնակոչին աջակցած Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212 թթ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով):  Լևոն Բ-ի մարմինն ամփոփվել է Սսում, իսկ սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում (Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին):

Զաբել թագուհի

Զաբել, Զապել (ծնվել է 1215թ-ին Սիսում — 1252, թաղվել է Դրազարկում), Կիլիկիայի հայոց թագուհի 1222-ից։ Լևոն Բ-ի դուստրը։ Հոր կամքով կարգվել է գահաժառանգ, իսկ նրա խնամակալ է դարձել Կոստանդին Գունդստաբլը։ Լևոև Բ-ի մահից հետո Կիլիկիայի իշխանները 1222-ին Զապելին կնության են տվել Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը։ Լատինամետ քաղաքականության համար 1225-ին Կոստանդինը Ֆիլիպին տապալել և մահապատժի է ենթարկել, իսկ 1226-ին Զապելին ամուսնացրել իր որդու՝ տասներեքամյա Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր։ Զապելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238-ին հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցումը, Ասում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները, 1241-ին հիմնել հիվանդանոց։ Պահպանվել են Զապելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։

Բագրատունյաց Հայաստանի Տնտեսական կյանքի զարգացումը:

Միջնադարյան Հայաստանում տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։

Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։ Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հայտնի էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։Արաբական տիրապետության տապալումից հետո երկրագործական արտադրանքը մնում էր Հայաստանում։ Բերքատվության բարձրացման ու գյուղատնտեսական աշխատանքի կազմակերպման համար զարկ է տրվում երկրագործական տեխնիկայի զարգացմանը։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Դրա տեխնիկան իրենից ներկայացնում էր հետևյալը. վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասի հողը հերկվում էր և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում։ Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան։ Այդպիսով՝ եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Խոշոր տնտեսություններում՝ ագարակներում ու դաստակերտներում, հողը հերկում էին գութանով։ Նոր մշակելի դարձած խոպան տարածքները հաճախ կոչվում էին նորք։Երկրագործության զարգացմանը նպաստում էր պարարտավորումն ու հողի ոռոգումը։ Բագրատունիների թագավորության շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը, որը ենթադրում էր հին ջրանցքների նորոգում և նորերի կառուցում։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղմթերքների մշակումը։ Հայաստանում Լայն տարածում են ստանում Գինու հնձանները, ջրաղացներն ու ձիթհանները։ Դրանք կառուցվում էին բերդերի ու խոշոր վանական համալիրների մոտ։ Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր, իսկ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում տարածված էր խաղողագործությունը։ Նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու, վարունգի, կաղամբի, գազարի, ձմերուկի մշակությունը։

Անասնապահություն
Հայաստանի լեռնային հատվածները՝ Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն, հնուց ի վեր ունեցել ընդարձակ արոտավայրեր, որոնք հարուստ են եղել ալպիական մարգագետիններով։ Դրանք անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմինիան»։ Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը։Անասնապահությունը բավարարում էր ոչ միայն սննդի կարիքները, այլև սերտորեն կապված էր արհեստների ու առևտրի հետ։ Կաշին կիրառվում էր զենքերի պատրաստման, կոշիկի ու հագուստների արտադրության մեջ։ Բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար։ Միջնադարում առևտուրը և քաղաքի ու գյուղի միջև կապն իրականցվում էր քարշող և բեռնակիր անասունների միջոցով։ Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց։ Անասնապահությունը նպաստում էր նաև երկրագործության զարգացմանը. հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով։

Բագրատունյաց թագավորության անկումը

Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց: Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին: Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:

Անի

Հայոց հին մայրաքաղաքների շարքի մեջ ամենից սիրվածը Անին է։ Անին գտնվում էր Ախուրյան գետի բարձրադիր աջ ափին, ՀՍՍՀ Անիի շրջանի Խարկով գյուղի դիմաց, երեք կողմերից խոր ակոսված սարահարթակի վրա։

Անիի գրաված տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։ Անիի զարգացումն ու ծաղկումը սկսվում է 961 թվականով, երբ այն Բագրատունի Աշոտ 3-րդը դարձնում է պետության մայրաքաղաք։ Ընդամենը 40 — 50 տարվա ընթացքում հասարակ գյուղաքաղաքից Անին վերածվում է երկրի և Մերձավոր արևելքի խոշորագույն քաղաքներից մեկի։ 961 —1020 թվականների ընթացքում կառուցվում են քաղաքի ներքին (կամ Աշոտյան) ու Արտաքին (կամ Սմբատյան) պարիսպները, Մայր տաճարը, Գագկաշեն ու Ապուղամրենց և այլ եկեղեցիներ, քարավանատներ ու հյուրանոցներ, արքունի պալատը, ժայռափոր կացարաններ, բնակելի շենքեր, բաղնիքներ, արհեստավորական ու առևտրական կուղպակների շարքեր և բազմաթիվ այլ շենքեր։ Անին տարածվում է նաև Արտաքին պարսպից դուրս փռված սարահարթի վրա։ Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի։ Մայրաքաղաքի հետ առանձնապես սերտ առնչություն ունեին մշակութային առումով՝ Տեկորը, Արդինան, Հոռոմոսը (Ղոշավանք) ու Խծկոնքը, իսկ պաշտպանական առումով՝ Մաղասաբերդն ու Տիգնիսը, որոնք մայրաքաղաքի մատույցները պաշտպանում էին արտաքին հարձակումներից։ XI դարի առաջին քառորդի վերջերից Անի–Շիրակի թագավորության ներքին կյանքում ծայր են առնում երկպառակություններ։ Տարոնի իշխանությունը (966 թ.), Տայքի կյուրապաղատությունը (1000 թ.) և Վասպուրականի թագավորությունը (1016 թ.) գրաված Բյուզանդական կայսրությունը ամեն կերպ ձգտում է նվաճել նաև Բագրատունիների Շիրակի թագավորությունը Անի մայրաքաղաքով։ Դրա հետ գրեթե միաժամանակ հասունանում էր սելջուկյան արշավանքների վտանգը։ Անին գրավելու համար Բյուզանդիան մի քանի արշավանքներ է կազմակերպում, որոնք բոլորն էլ ավարտվում են կայսերական զորքերի ամոթաբեր պարտությամբ։ Այնուամենայնիվ, կայսրությանը հաջողվում է 1045 թ. գրավել Անին։ Բայց բյուզանդական տիրապետությունը Անիում տևում է մինչև 1064 թվականը, երբ այն գրավվեց սելջուկյան սուլթան ԱլփԱրսլանի կողմից և ավերվեց։ Վերջինս 1072 թ. կիսավեր Անին վաճառում է Դվթի Էմիր Աբլ–Սվարեն, որն իր հերթին այն հանձնում է Մանուչեին։ Սկսած այդ ժամանակներից մինչև 1199 թվականը Անին գտնվում էր Մանուչեյան էմիրների տիրապետության տակ և մի քանի անգամ կարճ ժամանակով անցել է վրաց իշխանության ներքո (1124—1126 թթ., 1161 թ., 1174թ.): Զաքարյան իշխանները 1199թ. Անին ազատագրում են օտար տիրապետությունից և իբրև սեփականություն իրենց ձեռքին պահում մինչև Լենկթեմուրի արշավանքները։ Անիի ներքին կյանքի զարգացումը, սելջուկյան տիրապետության շրջանում մասնակի կանգառից հետո՝ Զաքարյանների իշխանության օրոք, մինչև մոնղոլական ծանր լծի հաստատումը, շարունակվում է բավական արագ թափով։ Այդ ժամանակներում Անիում կառուցվում են մի չարք եկեղեցիներ, իշխանական պալատներ ու բնակելի շատ շենքեր, վերանորոգվում են քաղաքի պաշտպանական պարիսպները, առանձին անհատների կողմից այդ պարիսպների ուղղությամբ կառուցվում են նոր աշտարակներ, շարունակվում է առևտրի ու արհեստագործության, մշակութային կյանքի առաջընթացը։ Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այստեղ զարգացած էին մետաղամշակությունը, բրուտագործությունը, շինարարական, կենցաղային, առևտուրը սպասարկող և այլ արհեստներ։ Անիի արհեստների թիվը մոտ 50–ի էր հասնում։ Դրանք իրենց ժամանակի բարձր զարգացած արվեստներն էին, որոնցից շատերի արտադրանքը մեծ համբավ ուներ ոչ միայն երկրի ներսում, այլև հարևան և հեռավոր երկրների շուկաներում։ Առանձնապես հայտնի էին գործվածքեղենը, գորգերը, մետաղյա իրերն ու զենքերը, խեցեղենը։ Արհեստագործությունից ոչ պակաս զարգացած էր նաև քաղաքի ներքին ու արտաքին առևտուրը։ Քաղաքն ուներ իր շուկան և քարավանատները, որտեղ կատարվում էր ներքին ու արտաքին առևտուրը։ Առևտրի հիմնական առարկաները գյուղատնտեսական մթերքներն ու արհեստավորական շինվածքներ էին։ Անին միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն էր։ Այստեղ հատվում էին քարավանային առևտրի մի շարք մայրուղիներ: Դրանցից էին՝ Անի — Տփխիս, Անի — Կարս — Կարին—Սև ծովի ափեր, Անի — Մայաֆարկին (Տիգրանակերտ) — Ասորիք, Անի— Երևան — Դվին — Թավրիզ ճանապարհները, որոնք հատկապես մեծ նշանակություն էին ձեռք բերել XI — XIII դարերում։ Անին այդ դարերում առևտրատնտեսական կապեր ուներ ոչ միայն հարևան Վրաստանի, Աղվանքի, Ատրպատականի, Պարսկաստանի, Հայաստանի արևմտյան հատվածի, Սև ծովի առափնյա քաղաքների, այլ նաև Գալիցիայի, Լեհաստանի, Հարավային Ռուսիայի, Կիլիկիայի և ուրիշ երկրների հետ։ Անիում արդեն հանդես էին եկել մեծահարուստ վաճառականներ ու առևտրականներ, որոնք միաժամանակ կալվածատերեր ու վաշխառուներ էին (Տիգրան Հոնենց, Սահմադին և ուրիշներ)։ Անիի բնակչության մի մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ հացահատիկների, քնջութի, բանջարեղենի և այլ կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Անին միջնադարյան Հայաստանի մշակութային խոշոր կենտրոններից էր։ Իբրև մայրաքաղաք, այստեղ հավասարապես զարգացած էին և՛ կրթության գործն ու մատենագրությունը, և՛ գիտությունը, ճարտարապետությունն ու արվեստը։ Բագրատունյաց թագավորության ժամանակներում սովորական դպրոցներից բացի մայրաքաղաք Անին ուներ իր բարձրագույն դպրոցը ճեմարանը (համալսարան), որի ճանաչված դասախոսներից են եղել Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը և ուրիշներ։ Հայաստանի այլ վայրերում եղած բարձրագույն դպրոցների նման Անիի ճեմարանում նույնպես կրոնական առարկաներից բացի ավանդվում էին համարողական արվեստ (մաթեմատիկա), երաժշտություն, ճարտարապետություն և այլ առարկաներ։ Անիի մատենագիրներից հայտնի են Սամվել Անեցին և Մխիթար Անեցին։ Անիում գործում էր արքայական գրադարան։ Բագրատունի թագավորները՝ հատկապես Հովհաննես Սմբատն ու Գագիկ 2-րդը, առանձնակի ուշադրություն էին դարձնում գրի ու գրականության զարգացման վրա։ Մշակութային առումով հսկայական հետաքրքրություն են ներկայացնում Անիի մինչև 250–ի հասնող վիմագիր արձանագրությունները, որոնք փորագրված են պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների պատերին, եկեղեցիների ու պալատների վրա։ Դրանք հիմնականում վերաբերում են եկեղեցիներին արված նվիրատվություններին, աշտարակների, պարիսպների, պալատների, եկեղեցիների, տաճարների ու մատուռների շինությանը, վերանորոգմանը և վերաշինությանը։ Անին որմնանկարչության և քանդակագործության հայտնի կենտրոն էր։ Արվեստի այդ ճյուղերն այստեղ հիմնականում ունեին կիրառական նշանակություն։ Իր բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովրդի ստեղծած ժառանգության մեջ ճարտարապետությունը գրավում է ամենաառաջնակարգ տեղերից մեկը, իսկ ճարտարապետության մեջ էլ, կարելի է ասել, առյուծի բաժինը պատկանում է Անիին։ Անի այցելած տասնյակ հեղինակներ, ճանապարհորդներ և ճարտարապետներ, առանց բացառության, հիացել են նրա նրբակերտ շենքերով, պաշտպանական պարիսպներով ու աշտարակներով, տասնյակների հասնող եկեղեցիներով, Ախուրյանի վրայի կամուրջներով և այլ կառույցներով։ Անիի մեծատաղանդ ճարտարապետներից մեկը՝ Տրդատը, որ ապրել ու գործել է X դարի վերջերին և XI դարի սկզբներին, օգտվելով մեր անցյալի ժառանգությունից, ստեղծել է մոնումենտալ շատ շենքեր (Անիի Մայր եկեղեցի, Արգինա և այլն)։ Ըստ հեղինակավոր շատ մասնագետների կարծիքի, այդ շենքերն իրենց ազդեցությունն են թողել Արևմուտքի գոթական և ռոմանական ոճերի վրա, որովհետև, ինչպես նշում են, դրանք իրենց մեջ պարունակում են վերջիններիս նախնական տարրերը։ Անիում ձևավորվեց հայ ճարտարապետության անիական ոճը, որն իր բարերար ազդեցությունն է թողեց հետագա ժամանակների հայկական ճարտարապետության վրա, և որի նշանակությունը դուրս է գալիս ազգային ճարտարապետության սահմաններից։ Անին XI—XIII դարերում Արևելքի խոշորագույն քաղաքների թվին էր պատկանում և ուներ շուրջ 100 հազար բնակիչ։ Քաղաքական աննպաստ պահերին Անիում ապաստան էին գտնում շրջակայքի գյուղերի տասնյակ հազարավոր բնակիչներ։ Անին իր կառուցվածքով հար ու նման էր միջնադարյան մյուս խոշոր քաղաքներին։ Այն բաղկացած էր միջնաբերդից, բուն քաղաքից կամ շահաստանից և արվարձաններից։ Միջնաբերդը գտնվում էր քաղաքի հարավարևմտյան ծայրին և շահաստանից բաժանված էր հատուկ պարսպով։ Միջնաբերդում էին գտնվում արքունի պալատը, եկեղեցիներ, արքունի բաղնիքը և այլ կառույցներ։ Միջնաբերդից հյուսիս-արևելք, ընդարձակ սարահարթի վրա, փռված էր բուն քաղաքը, որը նույնպես պատած էր պարսպով։ Անիում մի հատուկ ընդարձակ թաղամաս էր կազմում, այսպես կոչված «Ստորգետնյա Անին»՝ բնական և արհեստական հարյուրավոր քարանձավներից բաղկացած թաղամասը, որը գտնվում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի ուղղությամբ։ Այս քարայրներում կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, խանութներ ու պահեստներ, գերեզմանատուն, գաղտնարաններ։ Միանգամայն հասկանալի է, որ այդ քարայրներն օգտագործվել են նաև պաշտպանական նպատակներով։ Քաղաքն ունեցել է մի շարք դռներ՝ Դվինի դուռ, Կարնո դուռ և այլն։ Իր ժամանակի առումով Անին օժտված է եղել առաջնակարգ կոմունալ պայմաններով։ Քաղաքում կային ցանցավորված ջրմուղ, հյուրանոցներ, բաղնիքներ, մասնակի կոյուղիներ։ Քաղաքի գլխավոր փողոցները սալահատակված էին և ունեին մինչև 6 մ լայնություն։ Անիում իրար զուգորդում էին ճոխ առանձնատներն ու հասարակ խրճիթները։ Այնտեղ կարելի է հանդիպել շքեղ պալատներից սկսած մինչև աղքատիկ հյուղակների ու հասարակ քարանձավ–բնակարանների։ 1238 թվականին մոնղոլները նախ պաշարեցին, ապա դավադրաբար գրավեցին ու ավերեցին Անին։ Մոնղոլական ծանր լծի հաստատմամբ, Հայաստանի մյուս ծաղկած քաղաքների հետ միասին Անիի պատմության մեջ ևս սկսում է կտրուկ ամայացման և անկման ժամանակաշրջանը։ Անիից սկսվեց զանգվածային արտագաղթ, որը սելջուկյան շրջանում դեռ այնքան էլ մեծ ծավալ չուներ։ Անին աստիճանաբար հետադիմելով, XIV դարի վերջերին արդեն դադարում է գոյություն ունենալուց։ Նրա տեղում մնում է հայկական մի խղճուկ գյուղ, որը հետագայում դարձավ թուրքաբնակ։ Լայն են անեցիների արտագաղթի վայրերի ու երկրների աշխարհագրական սահմանները։ Նրանք տարրեր ժամանակներում գաղթել ու բնակություն են հաստատել Նախիջևանում, Ջուղայում, Վանում, Կիլիկիայում, Կարինում, Պոլսում, Սև ծովի հարավային և հյուսիսային առափնյա քաղաքներում (Տրապիզոն, Թեոդոսիա և այլն), Աստրախանում, Արևմտյան Ուկրաինայում, Լեհաստանում, որտեղ նրանք, չնայած մոռացել էին մայրենի լեզուն, բայց մինչև մեր ժամանակները ավանդույթի ուժով իրենց համարում էին անեցիներ և հպարտանում դրանով։ Ավերակների կույտի վերածված Անին դարեր շարունակ դարձել էր խաշնարած ցեղերի քոչավայր։ Նրանք իրենց գոմերը, փարախները և կիսագետնափոր խրճիթները կառուցելու համար անխնա թալանում էին վաղեմի մայրաքաղաքի սքանչելի շենքերի սրբատաշ ու քանդակազարդ քարերը, ավերակների վայրում ամենուրեք ոսկի և թանկագին իրեր որոնում։ Չնայած դարավոր ավերումներին, այնուամենայնիվ, միջնադարյան Հայաստանի վեհաշուք մայրաքաղաքից մինչև մեր օրերը պահպանվել են ուշադրության արժանի ճարտարապետական շատ կոթողների ավերակներ ու մնացորդներ։ Անիում կային տասնյակ եկեղեցիներ։ Ավանդությունը դրանց թիվը հասցնում է նույնիսկ 1001-ի։ Եկեղեցիներ ու մատուռներ կային և բուն քաղաքում ու նրա արվարձաններում, և պաշտպանական պարիսպների աշտարակներում, և «Ստորգետնյա Անիում»։ Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն էր, որը մասնագետներից և ճանապարհորդներից շատերը համարել են Կովկասի ճարտարապետության զարդը։ Այդ եկեղեցին նվիրված էր Աստվածածնին։ Շինարարությունը սկսվել է Սմբատ 2-րդի օրոք 989 թվականին և ավարտվել է Գագիկ 1–ինի օրոք, նրա կնոջ Կատրամիդե թագուհու հոգացողությամբ 1001 թվականին։ Ճարտարապետը հայտնի Տրդատն էր, Կոստանդնուպոլսի ս. Սոֆիա տաճարի գմբեթի վարպետ վերակառուցողը։ Տաճարի վրա կան բազմաթիվ արձանագրություններ։ Գմբեթը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում հասել են մինչև մեր օրերը։ Մայր տաճարը Անիի ամենախոշոր կառույցներից է։ Նրա հմայքը պարզության մեջ է, կեղծ կամարակալների, նրբասլաց սյուների, խոյակների ու բարձրարվեստ քանդակների մեջ։ Առաքելոց եկեղեցին, որը, հավանաբար, հիմնադրվել է 1004 թվականին, համարվում է Անիի ամենահայտնի կոթողներից մեկը։ Այժմ պահպանված են միայն եկեղեցու արևմտյան ճակատը և արևելյան հատվածի կամարները։ Երեք գմբեթներից կանգուն է միայն մեկը։ Կառուցված է սև և կարմրավուն քարերով։ Պատերին կան արձանագրություններ։ Դռան շրջանակները պատած են բարձրաճաշակ քանդակներով։ Ամենաուշ շրջանի արձանագրությունը վերաբերում է 1348 թվականին։ Ենթադրում են, որ Առաքելոց եկեղեցին կաթողիկոսարան է եղել և կարևոր դեր է խաղացել Անի մայրաքաղաքի հոգևոր կյանքում։ Անիում հայտնաբերված եկեղեցիներից հնագույնը պալատական եկեղեցին է, որը կառուցվել է VII դարում, իսկ հետագայում, հատկապես XIII դարում, դրան կից կատարվել են շինարարական նոր աշխատանքներ։ Եկեղեցու որմնասյուների վրա կան ուշադրության արժանի բարձրաքանդակներ։ Մայր եկեղեցու շինարարությունն ավարտվելուց անմիջապես հետո, Գագիկ 1-ինը 1001 թվականին սկսում է մի այլ հայտնի եկեղեցու՝ ս. Գրիգորի (որը կոչվում է նաև Գագկաշեն) կառուցումը։ Այն ավարտվել է 1010 թվականին։ Եկեղեցին եռահարկ էր, իր ճարտարապետական կառուցվածքով նման Զվարթնոցին։ Դրա ճարտարտարապետը նույնպես Տրդատն է եղել։ Տաճարն արտաքին կողմից շրջապատված էր 36 կամարներով, ուներ 36 պատուհան, երեք դուռ, որոնց շրջանակները ծածկված էին քանդակներով։ Սակայն Գագկաշեն եկեղեցին երկար չի դիմանում, տալիս է վտանգավոր ճեղքեր ու կործանվում։ Եկեղեցու պատի վրա տեղադրված էր Գագիկ 1–ի արձանը։ Որմնանկարներով ամենահայտնին ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր (հետագայում «Նախշլի» կոչված), որը կառուցել էր Տիգրան Հոնենցը 1215 թվականին։ Նա իր կառուցած եկեղեցուն տվել էր թանկագին սպասք, զանազան կալվածքներ։ Եկեղեցուն կից կառուցված էին օժանդակ սենյակներ և բաղնիք, որ ուներ առաձին բաժանմունքներ։ Ս. Գրիգոր եկեղեցին իր հատակագծով նման է Մայր եկեղեցուն, բայց մեծությամբ շատ է զիջում վերջինին։ Գմբեթը բազմանկյուն է՝ կոնաձև տանիքով։ Անիի արտաքին պարսպից դուրս գտնվում է Հովվի եկեղեցին, որը կառուցվել է XI դարում։ Եկեղեցին եռահարկ է, գմբեթով և իր մեջ պարունակում է գոթական ոճի «նախնական տարրերը»։ Հայ ճարտարապետության ականավոր պատմաբան Թորոս Թորամանյանը Հովվի եկեղեցին համարում է ճարտարապետական գոհարներից մեկը։ Անիում կար նաև վրացական (քաղկեդոնական) եկեղեցի, ինչպես և մի քանի մզկիթներ, որոնք կառուցվել էին XI-—XII դարերում։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Մանուչեի մզկիթը, որը կառուցվել է XI դարի երկրորդ կեսին Մանուչեի իշխանության օրոք (ավելի հին վարչական շենքի վերափոխմամբ) և նրա անունով էլ կոչվել։ Պաշտամունքային շենքերի հետ համեմատած, քաղաքացիական կառուցվածքները շատ վատ են պահպանվել։ Դրանցից շատերն ընդհանրապես հիմնահատակ ավերվել և անհետ կորել են։ Անիի քաղաքացիական շենքերից կարևորագույնը արքունի պալատն էր, որը գտնվում էր միջնաբերդում, կառուցվել էր Բագրատունիների թագավորության շրջանում, իսկ հետագայում ենթարկվել որոշ փոփոխության։ Արքունի պալատի ավերակները շատ վատ են պահպանվել։ Եղած մնացորդներն էլ թաղված էին հողի հաստ շերտի տակ և ի հայտ են բերվել ակադեմիկոս Ն. Մառի ղեկավարած պեղումների ժամանակ՝ 1907 և 1908 թվականներին։ Պեղումներով բացված է պալատի միջանցքը`   50 մետր երկարությամբ, որը պալատը բաժանում է հյուսիսային ու հարավային թևերի։ Հարավային թևի որոշ հատվածներ երկհարկանի են։ Երկրորդ հարկում սովորաբար տեղադրված են հանդիսասրահները, իսկ առաջինում տնտեսական օժանդակ սենյակներն ու պաշտպանական նպատակների ծառայող այլ բաժիններ։ Զաքարյանների իշխանության օրոք Անիում կառուցվել էին նաև իշխանական պալատներ։ Դրանցից հայտնի էին երկուսը, որոնցից մեկը, որ եռահարկ էր, գտնվում էր Ծաղկոցաձռրի կիրճի զառիթափ կողին և կոչվում էր Իշխանի կամ Պարոնի պալատ, իսկ մյուսը՝ «Սարգսի» պալատ, պեղված 1905 թվականին։ Անիի ավերակների ձևով մեզ հասած պաշտպանական պարիսպները վերաբերում են Բագրատունիների թագավորության շրջանին։ Քաղաքը պատած էր կրկնակի պարիսպներով, որոնցից առաջինը կառուցել էր Աշոտ 3-րդը 963 — 964 թվականներին և կոչվում էր Ներքին, Փոքր կամ «Աշոտաշեն» պարիսպ։ Ներքին պարիսպը կառուցված էր Ախուրյանի ու Ծաղկոցաձորի իրար մոտեցման վայրում։ Պարսպի աշտարակներում եղել են փոքրիկ եկեղեցիներ։ Արտաքին, Մեծ կամ «Սմբատյան» պարիսպները կառուցվել են Սմբատ 2-րդի օրոք։ Դրա շինարարությունը տևել է 8 տարի և ավարտվել է 989 թվականին։ Արտաքին պարիսպը ձգվում էր Ներքին պարսպից բավական հեռու և որոշ հատվածում կրկնակի էր։ «Սմբատյան» պարսպի երկարությունը 2,5 կմ էր, բարձրությունը՝ 8—10 մ։ Շադդադյանների ու Զաքարյանների օրոք մի քանի անգամ ենթարկվել է նորոգման։ Աշտարակներից ու բուրգերից շատերը ներսի մասից 2—3 հարկանի էին։ Դրանք ունեին հատուկ անուններ՝ Աբրահամի բուրգ, Շանուշի բուրգ, Աշոտի բուրգ, Մխիթարիչի աշտարակ և այլն։ Դրանցում տեղավորվել է քաղաքապաշտպան պահակազորը։ Արտաքին պարսպի արտաքին կողմով, դրան զուգահեռ ձգվում էր ավելի քան 500 մ երկարությամբ բավական խոր խրամը։ Ճարտարապետական շինարարական առումով իրենց ուրույն տեղն ունեն Անիի կամուրջները, որոնք ձգվում էին Ախուրյան գետի վրա։ Դրանք մի քանի հատ էին և հիմնականում կառուցվել էին X—XI դարերում։ Առանձնապես հայտնի էին երկու կամուրջներ, որոնցից մեկը գտնվում էր քաղաքի հարավային ծայրին ս. Գրիգոր եկեղեցուց մի փոքր հյուսիս, իսկ երկրորդը Մանուչեի մզկիթի և Մայր եկեղեցու միջև։ Առաջինից պահպանվել են միայն առանձին մնացորդներ, իսկ երկրորդի ավերակները համեմատաբար լավ են պահպանվել։ Այն ունեցել է երեք աչք, կենտրոնի կամարի թռիչքը 31,5 մ է, երկու կողմում ունեցել է երկաթագամ դռներ և փայտյա բացվող մասեր, որոնք հնարավորություն էին տալիս ցանկացած ժամանակ կամրջի ծայրային հատվածները հավաքել ու կամուրջը դարձնել անանցանելի։ Նշվածներից բացի, Անիում կան նաև տարբեր աստիճանի ավերված հնություններ և հուշարձաններ, որոնց ուսումնասիրությունը լրացրել է վաղեմի մայրաքաղաքի, Հայաստանի միջնադարյան մյուս խոշոր քաղաքների և, մասամբ, հարևան երկրների քաղաքների պատմության շատ հարցեր։ Դրանցից կարելի է հիշատակել ս. Հովհաննես, Ապուղամրենց, Շուշան Պահլավանու (ս. Սարգիս), Շախմատային, Զաքարեի (ս. Աստվածածին), Քարիմանդինի, Հոռոմի, Աղբերկի (ս. Աստվածածին) եկեղեցիները, վիմափոր եկեղեցիները և տասնյակ վիմափոր ու սովորական մատուռները, Բարսեղի, Ավագի, Մխիթարի և այլոց հուշարձանները, Տիգրան Հոնենցի տապանատունը, Աղջկաբերդը, «Ստորգետնյա Անին», կիկլոպյան պարիսպներն ու շինվածքների հետքերը, Մայր տաճարի ճանապարհին գտնվող ութանկյուն աշտարակի բեկորները, քաղաքի մուտքի մոտ գտնվող երկու աշտարակները (հաղթանակ կամարը) և այյն, և այլն։ Անիի հետ սերտորեն առնչված էին նրա շրջակայքում գտնվող Մաղաս ու Տիգնիս բերդերը և Տեկոր, Բագնայր, Հոռոմոս (Ղոշավանք) ու Խծկոնք վանքերը, բուն քաղաքի հնությունների ու հուշարձանների հետ կազմելով մի բարդ ու ճարտարապետական–պատմական առումով վերին աստիճանի հետաքրքիր համալիր, հուշարձանների ու հնությունների բնական մի վիթխարի թանգարան, որի ուսումնասիրությունը տակավին ավարտված չի կարելի համարել։ Բայց և այնպես Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Անիի վերաբերյալ բազմազան տեղեկություններ են հաղորդել V—XVIII դարերի հայ շատ թե քիչ հայտնի գրեթե բոլոր պատմագիրները՝ սկսած Ղ. Փարպեցուց, վերջացրած Աբրահամ Կրետացիով, չհաշված հիշատակարաններն ու մանր ժամանակագրությունները, որոնք ևս պարունակում են այդ կարգի մի շարք նյութեր ու հաղորդագրություններ։ Քաղաքի առանձին հարցեր լուսաբանվում են պեղումների ընթացքում հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների (գործիքներ, իրեր, զարդեր, արհեստավորական արտադրանքի մնացորդներ, շենքերի ավերակներ և այլն) և վիմագիր արձանագրությունների հիման վրա։ Անիի վերաբերյալ շատ են հիշատակություններն օտար աղբյուրներում`   վրացական, բյուզանդական, արաբական, պարսկական պատմագիրների ու ժամանակագիրների երկերում։ Անիագիտության մեծագույն երախտավորը ակադեմիկոս Ն. Մառն է, որը 1892 — 1893 և 1904 — 1917 թթ, հնագիտական պեղումներ է կատարել քաղաքի ավերակներում, մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր կարգի սկզբնաղբյուրների հիշատակությունները և դրանց հիման վրա գրել «Անի» կապիտալ աշխատությունը, որն իր մեջ ամփոփում է քաղաքի համառոտ պատմությունն ու համակողմանի հնագիտությունը։ Բայց ակադեմիկոս Մառը Անիի միայն սոսկ հետազոտողը չէ։ Նա հանգանականությամբ հավաքված և իր հնագիտական արշավախմբին տրամադրված համեստ միջոցների հաշվին զգալի վերանորոգման աշխատանքներ է կատարել`   որոշ հուշարձաններ պահպանելու համար։ Անիում ստեղծվել էին թանգարաններ (Մանուչեի մզկիթում, հատուկ այդ նպատակի համար կառուցված շենքում և Մայր եկեղեցում), որտեղ կենտրոնացրել էին արշավախմբերի ընթացքում հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները։ Նրա առաջարկով 1917 թ. ստեղծվեց Անիի գիտահետազոտական ինստիտուտը, բայց այդ նպատակի համար Պետրոգրադից Թբիլիսի ուղարկված նյութերը խառը իրադրության հետևանքով տեղ չհասան։ Այժմ վաղեմի մայրաքաղաքից 2—3 կմ արևմուտք գտնվող թուրքական Անի անշուք գյուղում ստեղծված է մի խղճուկ պանսիոնատ, որտեղ այցելում են զբոսաշրջիկներ ամենատարբեր եըկրներից`   Անիի ավերակները դիտելու համար, իսկ նրա հուշարձանների ու հնությունների պահպանման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքը անխնա ոչնչացնում են այդ անզուգական հնություններն ու հուշարձանները։

Պապ թագավոր

Պապ հայոց Արշակունի թագավոր 370 թվականից ։ 17 տարեկանում հաջորդել է հորը՝ հայոց արքաԱրշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի դուստրը՝ Փառանձեմ թագուհին։ Պապը գահին հաստատվել է հռոմեական կայսրության օժանդակությամբ։ Գործակցելով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հետ՝ 371 թվականին Ձիրավի ճակատամարտում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։

Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի ։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Հայպարսկական պատերազմ

Արշակ թագավորի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 367 թվականին կրկին ներխուժեցին Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում։ Երկու հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնել նրան։ Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ ջախջախում է ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանքով ուղարկվում է հռոմեացիներիմոտ։

Պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացը (309-379) նոր բանակ ուղարկեց Հայաստան։ Արտագերսում համաճարակ սկսվեց։ Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին։ Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանիաջակցությամբ գրավեցին ու ավերեցին հայոց թագավորության խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն։ Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան։

Արտավազդ II

Արտավազդը, հայտնի է նաև որպես Արտավազդ Աստվածային ՝կառավարել է Ք ա 55-34 թթ։ Նա հաջորդել է Տիգրան Մեծին:

Նրա ժամանակաշրջանում Պարթևստանը և Հռոմը հակամարտության մեջ էին։ Արտավազդը հակված էր ավելի շատ Պատերազմում է Պարթևստանի հետ , հաշտության պայմանագիր է կնքում ։ Ք ա 53 թվականին տեղի է ունենում Խառանի ճակատամարտը, որտեղ պարթևները հաղթում են և Սուրեն զորավարը Կրասոսի կտրած գլուխը բերում է Արտավազին։

Հետո արշավում է Անտոնիոսը , ում Արտավազդը խոստանում է 13 հազարանոց զորք, սակայն չի տալիս։ Անտոնիոսը պարտվում է և խոստանում է որ կպատժի Արտավազդին։

Երկրորդ արշաանքների ժամանակ Անտոնիոսը ցանկանում էր ձեռբակալել Արտավազդին , վերջինս ցանկանում էր հաշտվել բանակցությունների շնորհիվ։ Սակայն ապարդյուն։ Նա ձեռբակալվում է և երբ պարտադրում են խոնարհվե նա հրաժարվում է ։ Ժողովուրդը նրան աստվածային պատվանուն է տալիս, գնահատելով նրա անձնազոհ պահվածքը։

Կարծում եմ նա լավ դիվանագետ էր սակայն սխալ թույլ տվեց երբ խաբեց Անտոնիոսին և զորք չտրամադրեց:

Գրականության մեջ

• • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր I, Երևան, 2007

• Հայ ժողովրդի պատմություն, հատոր I (ԳԱ հրատարակ․), Եր․, 1971

• Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», Եր․, 1981

• Չամչյան Մ․, Հայոց պատմություն, հատոր Ա, վենետիկ, 1784

• Պլուտարքոս, Կենսագրություններ, Եր․ 2001

• Սարգսյան Գ․, Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին, Եր․, 1966

• Ասորեստան Հ․Յ․, Քաղաքական վերաբերութիւններ ըմդմէջ Հայաստանի եւ Հռովմայ 190-էն ն․Ք․ մինչև 428 յ․Ք․, Վենետիկ, 1912

• Զարյան Ա․, Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության, Եր․, 1966

• Կրկյաշարյան Ս․, Հին Հայաստանի և Փոքր Ասիայի քաղաքների պատմության դրվագներ, Երևան, 1970

• Կրկյաշարյան Ս․, Հին Հայաստանի պետական կառուցվածքը (մ․թ․ա․ VI-մ․թ․ա IV դդ․), Երևան, 2005

Այրարատ

Անուն

Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Արարատ անվան հետ։

Դիրք

Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։

Գավառներ

Այրարատը բաղկացած է հետևյալ 22 գավառներից.

  • Բասեն կոչվում էր նաև Բասյան (Բասեան)- կենտրոնը՝ Բասեն
  • Գաբեղյանք (Գաբեղեանք)- կենտրոնը՝ Կաղզվան (Կաղզուան)
  • Աբեղյանք (Աբեղեանք)- կենտրոնը՝ Մժնկերտ
  • Հավնունիք (Հաւնունիք)- կենտրոնը՝ Ավնիկ (Աւնիկ)
  • Արշարունիք կոչվում էր նաև Երասխաձոր- կենտրոնը՝ Բագարան
  • Բագրևանդ (Բագրևանդ)- կենտրոնը՝ Բագավան (Բագաւան)
  • Ծաղկոտն- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
  • Վանանդ կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան)- կենտրոնը՝ Կարս
  • Շիրակ- կենտրոնը՝ Անի
  • Արագածոտն- կենտրոնը՝ Վաղարշապատ
  • Ճակատք- կենտրոնը՝ Կողբ
  • Մասյացոտն (Մասեացոտն)- կենտրոնը՝ Ցոլակերտ
  • Կոգովիտ- կենտրոնը՝ Արշակավան (Արշակաւան)
  • Աշոցք- կենտրոնը՝ Աշոցք
  • Նիգ- կենտրոնը՝ Քասաղ
  • Կոտայք- կենտրոնը՝ Երևան (Երևան)
  • Մազազ- կենտրոնը՝ Պորտակ
  • Վարաժնունիք- կենտրոնը՝ Հովք
  • Ոստան Հայոց- կենտրոնը՝ Արտաշատ
  • Ուրծաձոր- կենտրոնը՝ Ուրծ
  • Արած- կենտրոնը՝ Արած
  • Շարուրդաշտ- կենտրոնը՝ Շարուր

Սահմաններ

Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտկունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները, այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։

Կենդանական աշխարհ

Այրարատյան աշխարհում, Հայկական լեռնաշխարհի մյուս շրջանների նման, տարածված են բարեխառն գոտու կենդանիները։ Տնտեսական խոշոր նշանակություն է ունեցել Արարատյան դաշտի ճահճուտներում ապրող որդի մի տեսակը, որից պատրաստել են ընտիր, չգունաթափվող «որդան կարմիր» ներկը։

Բնական հարստություններ

Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով (Կողբ և Կաղզվան)։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ Մետաղի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են ոսկի, պղինձ և երկաթ: Ոսկին հանդես է եկել ոչ թե հանքերով, այլ ավազի հետ խառը։ Պղնձի հանքերով հայտնի է Վարաժնունիք գավառը։

Այրարատը շատ ավելի նշանավոր էր շինանյութերով ու հանքային ջրերով: Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ տուֆեր, մարմարներ, գրանիտներ, բազալտներ, ավազ, կավ, կրաքարեր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, Վարշակի ջերմուկները (այժմյան Դիադինի շրջանում), Արզնին և հանքային ջրերի այլ վայրեր

Բնակչություն

Այրարատյան աշխարհի բնակչության խտությունը, Հայաստանի մյուս մասերի համեմատությամբ, մեծ էր։ Բնակիչների գերազանց մեծամասնությունը հայեր էին։ Հայերից բացի, Այրարատում՝ հատկապես քաղաքներում, բնակվել են նաև հրեաներ, ասորիներ, հույներ և պարսիկներ։ Արաբների տիրապետության շրջանում՝ 8-րդ դարի երկրորդ կեսից սկսած, Այրարատի որոշ քաղաքներում բնակություն են հաստատել զգալի թվով արաբներ, որոնք հիմնականում կատարում էին վարչական աշխատանք և կայազորային ծառայություն։ Ավելի ուշ շրջանում՝ 11-13-րդ դդ, Այրարատ են մուտք գործում նաև սելջուկ-թուրքեր, մոնղոլ-թաթարներ և այլ ցեղեր։

Հայերի ծագումը

Հայկական ավանդազրույց

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։
Նախաքրիստոնեականում Հայկը ՝ Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։

Վրացական ավանդազրույց

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։

Հունական ավանդազրույց

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։