Փոխարենը
«Փոխարենը գովելու` ինձ անընդհատ
քննադատում եք»: Ակնհայտ սխալ է, տվյալ շարադասությամբ տեղին է «փոխանակ» բառ. «Գովելու
փոխարեն ինձ անընդհատ քննադատում եք»: Նախադասության շարադասությունը ևս
շտկվեց:
Փոխանակել
Որևէ առարկա այլ առարկայի հետ
փոխելը փոխանակելն է, այսինքն տալիս ես մեկը, ստանում մյուսը: Իսկ փոխարինելը
առարկաների փոփոխությունն է` մեկը կատարում է մյուսի դերը:
«Դերասանուհին իր կոմիկական կերպարը
փոխանակել է ողբերգականի հետ»: Ճիշտ չէ, դերասանուհին մի կերպարը փոխարինել
է մյուսով:
«Գիրքը փոխարինեց սև հացով»:
Փոխանակեց, սա է ճիշտը: Նրբիմաստն այնքան էլ խոր չէ, ընդամենը հարկավոր է ուշադիր
լինել:
Քայլելուց խոսել
Քայլելուց հետո կարելի է և խոսել,
և սնվել, և հանգստանալ: Բայց ինչպես դժվար չէ կռահել` այստեղ խոսվում է
գործողության ընթացքի, ավելի ճիշտ երկու գործողությունների համատեղման,
համընթացության մասին: Ուստի ճիշտ տարբերակն է` քայլելիս խոսել:
Տասին տաս պակաս
Սա ամենատարածված և ինչպես կյանքը
ցույց է տալիս, ամենահամառ սխալներից է: Քերականական կանոններում չծավալվելով`
միանգամից ամրագրենք` պետք է ասել` «Տասից տասը պակաս»:
Թեթև ձեռքով
Իմաստափոխված արտահայտություն է, դարձված, ակնարկում է ինչ-որ գործողության
չմտածված կատարված լինելը: Շատերը կարծում են, թե դրանով կարելի է ցույց տալ
գործողության թեթևությունը, այսինքն դյուրությունը, հեշտ ընթացքը: Նախկինում թերևս
այդ իմաստն էլ արտահայտել է, սակայն ժամանակակից հայերենում ծաղրական նրբերանգ է
պարունակում:
Սրանից 5 տարի առաջ
«Սրանից» բառը
մակաբույծների շարքում է, դրա անհրաժեշտությունը մեր լեզվում բացարձակապես չի
զգացվում: Երբ ասում ենք «5 տարի առաջ»` ենթագիտակցորեն հասկանում
ենք, որ հաշվարկն սկսվում է այս պահից` սրանից: Մեր ենթագիտակցությունը հրաշալի
գործում է, նրան միշտ պետք է վստահել:
Այն բանից հետո, երբ…
Նույն երևույթն է. «Այն բանից հետո, երբ մարզիկները
հավաքվեցին… »: Միանգամից երեք ավելորդ բառ, որոնք խանգարում են մտքի
ընթացքին, մինչդեռ դրանց բացակայությունը խոսքը դարձնում է հակիրճ ու սրընթաց:
Նախադասությունը պետք է սկսել «երբ»-ից, դա է հայերենի
տրամաբանությունը:
Թվարկություն
Մեկ, երկու, երեք, հազար, միլիոն… Սա թվարկությունն է, թվերը հերթականությամբ
անվանելը: 2010 թվական: Սա մեր ապրած տարեթիվն է: Երեք հազար տասը տարի առաջ մեր
թվականությունից առաջ 1000 թվականն էր: Ուրեմն` մեր թվականություն և մեր
թվականությունից առաջ:
Այլևս
Բառն «այսուհետ» իմաստով արևելահայերեն է մուտք
գործել արևմտահայերենից: Եվ ինչպես շատ հաճախ է պատահում` այնքան է շահարկվել ու
չարչրկվել` զրկվել է նույնիսկ նախնական իմաստից: «Այլևս»-ի
պոչից բռնած մեր նորաբաններն այլևս մոռացել են մյուս հոմանիշները, նրանց համար
հիմա գոյություն ունի միայն սա` թող որ անճիշտ, թող որ ծիծաղաշարժ:
Ոչ միայն …
Ոչ թե …
Անգետների պատճառով մեր լեզվում անտանելի շիլաշփոթ է առաջացել, այս երկու
արտահայտություններն այնպես են խառնվել` մեկին իրականությունը բացատրելը դարձել է
իսկական տանջանք: Այնինչ կանոնը շատ պարզ է. «ոչ թե»-ին
հաջորդում է «այլ»-ը: «Լեզուն ոչ թե փորձարան է,
այլ սրբարան»:
Իսկ «ոչ միայն»-ի շարունակությունն է` «այլև»-ը: «Լեզուն
ոչ միայն սրբարան է, այլև փորձարան» (անշուշտ խելացիների համար):
Իր մեջ ներառել
«Մեջ»-ը և «ներ»-ը
նույն իմաստն ունեն` ցույց են տալիս առարկայի ներսը: Հետևաբար հարկավոր է
օգտագործել ձևերից որևէ մեկը, տվյալ դեպքում գերադասելի է «ներառել»-ը:
Կանոնը վերաբերում է նաև կրել, պարունակել, բովանդակել բառերին, դրանք ճիշտ են
առանց «իր մեջ» բառերի:
Մակաբույծ բառեր՝ ասենք, խոսքի, օրինակ…
Խոսքի մշակույթից հեռու մարդիկ մշտապես մակաբույծ բառեր են կրկնում: Նրանց
կարծիքով դա օգնում է մտքերը ճիշտ դասավորելուն` մինչ այդ բառն արտասանում են`
մյուսը մտաբերում են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճապաղ, իմաստազուրկ խոսք է դա,
լեցուն անհարկի բառերով: Խելացի մարդիկ ևս զերծ չեն այդ մոլորությունից,
ուստի անհրաժեշտ է մտապահել, որ խոսելիս ինքնահսկումը պարտադիր է: Ձեր խոսքն
ազատագրեք «ասենք», «խոսքի», «օրինակ», «ուրեմն», «նշանակում
է» և այլ բառերի կրկնությունից:
Ջինսեր
Օտար բառ է, սակայն հայերեն համարժեք չունի, և հարկադրաբար գործածում ենք:
Ռուսերենում ընդունված է բառի հոգնակին, դա մեքենաբար փոխանցվել է նաև հայերենին,
ինչը սխալ է: Իհարկե եթե խոսքը վերաբերում է մի քանի կտորի կամ զգեստի, հոգնակին է
հանձնարարելի, բայց եթե նկատի ունենք մեկը` պետք է ասել` ջինս: Ածականը կլինի`
ջինսե:
100-ամյա հոբելյան
Ի՞նչ կարելի է հասկանալ այս արտահայտությունից. որ հոբելյանը 100 տարեկան է:
Ոչ թե հոբելյարը` մարդը, այլ հենց հոբելյանը, այսինքն տարիքը: Անհեթեթություն է,
որն աղետի նման ճարակել է մեր խոսքը, և անգետ թե գիտուն, մտավորական, թե շինական՝
նույնն են կրկնում: Ճիշտ է` 100-ամյակը:
Որևէ մարդիկ
«Որևէ»-ն պահանջում է եզակի
թվով լրացում. որևէ մարդ, որևէ երկիր, որևէ ցուցանմուշ, որևէ կենդանի… Ապացուցման,
հիմնավորման կարիք չկա` լեզվական հստակ իրողություն է, հայերենի անկապտելի
հատկանիշներից մեկը: Նույն «է» օժանդակ բայն է, որ
միշտ եզակի թիվ ունի:
Ցանկացած երկրներ
Կրկին տեղին է եզակին` ցանկացած երկիր: Ցանկացած ասույթ, ցանկացած մատյան,
ցանկացած կուսակցություն:
Յուրաքանչյուր տղաներ
Ոչ և ոչ, այս դեպքում ևս լրացման թիվը եզակին է` յուրաքանչյուր տղա:
Յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր հասկացություն, յուրաքանչյուր աշխարհամաս…
Այս կամ այն երկրները
«Այս կամ այն»-ը ևս
պահանջում է եզակի թվով լրացյալ` այս կամ այն երկիրը, այս կամ այն գիրքը,
ուսանողը: Իհարկե, շատ ավելի հայեցի է այս երեք բառը «որևէ»-ով
կամ «որևիցե»-ով փոխարինելը:
Դու նրան վերաբերում ես
Բայց դու մարդ ես, ուրեմն պետք է վերաբերվես: Այդպիսին է հայերենի պահանջը:
Անձը և անձի առումով օգտագործվող գոյականները «վերաբերվում են»: «Հայրը
որդուն հոգատարությամբ է վերաբերվում»: «Պետությունն այդ
հարցերին անթույլատրելի հանգստությամբ է վերաբերվում»:
Իսկ առարկաները «վերաբերում են». «Այդ հարցը նրան
չի վերաբերում»:
Ի դեպ անձնական կարծիքս այն է, որ այս տարբերակումն զգալիորեն խանգարում է մեր
լեզվի զարգացմանը, կարծես արհեստական մի խոչընդոտ է, որն ինչ-որ քերականներ
հորինել են խոսողների զգոնությունն արթուն պահելու համար: Կարծում եմ` ժամանակի
ընթացքում սա կհարթվի: Մինչ այդ պարտավոր ենք նրբերանգն ըմբռնել և ճիշտ
կիրառել:
Կրկին անգամ
Կրկնաբանություն է, որովհետև «կրկին» բառը առնվազն
երկու անգամի իմաստ է պարունակում: «Անգամ» բառն այստեղ
ավելորդ է, ինչպես ավելորդ է եռակի անգամ, քառակի անգամ և այլ արտահայտություններում:
Կրկին համոզվում ենք, որ մեր լեզուն ստուգություն է սիրում:
Եթե, ապա
Հայոց լեզվի շարակարգությունը որոշակի կանոններ ունի, դրանցից մեկն էլ եթե-ապա
հերթականությունն է. «Եթե ուսանողը քննությունները լավ հանձնի, ապա
կազատվի վարձավճարից»: Այսպես ասողին և գրողին կարելի է միայն գովաբանել:
Այդուհանդերձ արձանագրենք, որ մտքի արագընթացության մեր ժամանակներում «ապա»-ն
շատ հաճախ է դիրքերը զիջում: Արդի հայերենում նկատվող միտումներից մեկը հենց դա
է. «Եթե ուսանողը քննությունները լավ հանձնի` վարձավճարից կազատվի»:
Միտքն ամփոփվեց մեկ բութով, հընթացս նախադասության վերջին հատվածն ավելի հայացավ:
Տարիների ընթացքում
Իսկական համաճարակ է: «Այդ տարիների ընթացքում նա հասցրել է
իմաստնանալ»: Իմաստնանալը հրաշալի է, բայց ինչու տարիների ընթացքում, երբ
հայերենին շատ ավելի հարազատ է «տարիներին»-ը:
Բեմի վրա
Բեմում: Պարում, երգում, խաղում, հանդես են գալիս բեմում, ոչ թե նրա վրա:
Օտարաբանություն է, անհարազատ մտածելակերպ, որոնցից ժամ առաջ պետք է ազատվել:
Նույն կերպ՝ տունը ոչ թե փողոցի վրա է, այլ փողոցում:
Ուշադրություն դարձնել վրա
Վրա-ի գործածությունը մեր լեզվին խորթ չէ, սակայն միտումը դրա վերացումն
է. «Ուշադրություն դարձրու դրան», ոչ թե` դրա վրա:
Սիրահարվել վրա
Սերը տիեզերքի ամենավսեմ զգացմունքն է, միայն ու միայն հոգու հատկանիշ:
Սիրահարվում են մեկին: Նրան: Զարմանալի է, որ հարազատ արտահայտչաձևի փոխարեն
ամենուր թարգմանական սխալն է իշխում:
Կազմում է միլիոն դրամ
Հասկանալի է, թե այս «կազմում է»-ն որտեղից է հայտնվել մեր
լեզվում, բայց որ շարունակում է տարածք նվաճել ու նահանջելու միտում ցույց չի
տալիս` արդեն մտահոգիչ է: Իրականում մենք այդ բառի կարիքն ամենևին չունենք. «Նրա
ունեցվածքը 100 միլիոն դոլար է»: Պարտադի՞ր է, որ կազմի: Ասված է ճշգրիտ,
սահուն ու համոզիչ:
Երգիչ—երգչուհի
Հեռուստատեսային հորինվածք է, երկու տասնամյակից ավելի ականջ է սղոցում: Եթե
առաջնորդվենք սրանց տրամաբանությամբ` բոլոր մասնագետներին պետք է սեռերի բաժանենք`
բժիշկ-բժշկուհի, թավջութակահար-թավջութակահարուհի… և հասնենք ամենատխմար
բաժանմանը` մարդ-մարդուհի: Ինչպես մնացած դեպքերում` հարկավոր է բավարարվել երգիչ
բառով: Ունկնդիրներն անպայման կհասկանան, որ դա վերաբերում է նաև իգական սեռի
ներկայացուցիչներին: Պետք չէ մոռանալ` ունկնդիրները խելացի հասարակություն են:
Նրանց մեջ
Ասում և անգամ գրում են. «Նրանց մեջ ընկերական հարաբերություններ
կան»: Ըստ երևույթին պետք է հասկանալ` նրանց մտքում, գլխում, հոգում,
սրտում և այլուր: Բայց այդպես չէ` հարաբերությունները նրանց միջև են, այսինքն
ընդամենը բառերն են շփոթել: «Մեջ»-ը և «միջև»-ն
այլ իմաստներ ունեն, դրանց տարբերակումը պարտադիր է:
Որը որ
Խոսքը տգեղացնող, արժեզրկող կրկնություն, պարզիպարզո` չիմացության հետևանք:
Երկրորդ «որը» միանգամայն ավելորդ է, այն աստիճան, որ
խուսափում եմ որևէ օրինակ բերելուց:
Ուժեղ զգացմունք
Ուժեղությունը, ինչպեսև թիկնեղությունը, մարմնեղությունը հատուկ են մարդուն,
այդ իսկ պատճառով այստեղ համապատասխանում է «ուժգին» բառը:
Ուժգին, սաստիկ, բուռն զգացմունք: Ուժեղ մարդ, ուժեղ ազգ, ուժեղ անհատ: Գունեղ,
համեղ ածականներն այլ խոսքաշարում են կիրառվում:
Ներեղություն
Որքան քիչ մարդ է այս բառը ճիշտ արտասանում: Հիշելու համար կարելի է մտքում
փոքրիկ վարժություն անել՝ բառը կազմել այլ մասերից, ասենք` ներող եղեք, ներող
կլինեք: Ահաև մոտեցանք ճիշտ` «ներողություն» բառին:
Փորձեք ընդմիշտ հիշել:
Աչքի է ընկնում իր սկզբունքայնությամբ
Ինչ հրաշալի արժանիք: Միայն թե «իր»-ը բացարձակապես
ավելորդ է: Մարդն ուրիշ ո՞ւմ սկզբունքայնությամբ պետք է աչքի ըկնեի, եթե ոչ`
սեփականով: Կամ` «Նա իր տաղանդով ապացուցեց, որ իսկական մեծություն է»: «Իր»-ը
կրկին տեղին չէ, ոչինչ չի ավելացնում, միայն ծանրաբեռնում է խոսքը:
Բարի առավոտ
Իսկ ո՞ւր մնաց հայերեն-հայեցի-հայաշունչ «Բարի լույսը»: Սա
էլ արտահայտչաձև է և լեզու մուտք գործելու իրավունք ունի, բայց առավել ճիշտն ու
ավանդականը դուրս մղելու գնո՞վ: Օտար լեզուները պետք է մեր մայրենին հարստացնելու
ներուժ ունենան, ոչ թե նրան հաղթելու, այն աղավաղելու պնդերեսություն: Ասենք
լեզուները մեղք չունեն, մեղավոր ենք ինքներս` մեր թեթևամտությամբ ու ծուլությամբ:
Ինչևէ, չմոռանանք, որ հայերիս համար ամեն ինչից առավել բարի է լույսը:
Եվրո…
Ընդունված կարծիք է, թե այս բառի արմատը եվրո-ն է, ուստի նոր
կազմություններում ո-ն պետք է պահպանել: Թյուրընկալում է, արմատը եվր-ն է,
հետևաբար ճիշտը «ա» հոդակապին ապավինելն է` Եվրադատարան,
Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան և այլն:
Նրան հետաքրիր է
Նրա համար է հետաքրքիր կամ նրան հետաքրքրում է, իսկ վերոբերյալ ձևը հատուկ է
օտար լեզուներին:
Քեզ թեյ կբերի
«Քեզ համար թեյ կբերի»: «Քեզ
թեյ կմատուցի»: Սա է հայերենին բնորոշ մտածելակերպը, որով էլ պայմանավորված
են քերականական ձևերը: Վերնագրի կարգի սխալներով լեփլեցուն են ռուսերենից
թարգմանված ֆիլմերն ու հաղորդումները, դրանք ամենաիսկական կրկնօրինակումներ են:
Աչքի է զարնում, որ թարգմանիչները զուրկ են մեր լեզվի տարրական իմացությունից և
մանավանդ հայերենի լեզվամտածողությունից:
Ավել
Չկռահեցիք` հատակ ավլելու հարմարանքի մասին չենք խոսում, այլ պահանջվածից շատ
լինելու. «Նրա սպասումներն ավելին էին»:
Արտառոց նախարարություն
«Արտառոցը» «արտակարգի» հետ
շփոթողը հավանաբար հենց այսպես կկոչի Արտակարգ իրավիճակների նախարարությունը և
իհարկե՝ կընկնի անհեթեթության գիրկը: Արտառոցն այն երևույթը կամ անձնավորությունն
է, որը մնացածից տարբերվում է անսովորությամբ ու տարաշխարհիկությամբ, նաև՝ կանոնից
շեղմամբ: Իսկ արտակարգը կարգ-ից դուրս է դրական առումով: Արտակարգ՝ բարձրարվեստ,
քանքարավոր ներկայացում, բայց՝ արտառոց՝ տարօրինակ, անսպասելի արարք:
Ի օգուտ
«Ի» նախդիրը նույնն է
մնում բաղաձայնից առաջ, իսկ ձայնավորից առաջ դառնում է հ` համոթ, հօգուտ,
հապացույց, բայց` ի հեճուկս, ի տարբերություն, ի նշան: