ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Վերջին 25 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝
- Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում
- Պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից
- Վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը
- Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը
- Ընդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունը
- Կրթությունը դարձրել է ավելի ներառական
- Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:
- Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար
- 75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը
2016-2020 թվականների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայելու, որպեսզի
- 0-6 տարեկան խոցելի աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար հասանելի դառնան որակյալ, ներառական, առողջապահական և սնուցման ծառայությունները
- Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից
- Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգում
- Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա
- Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ
- Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը
- Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ
Այս օրակարգը կազմված է նպաստելու Հայաստանի 2014-2025 թվականների զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերին և ռազմավարություններին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես վստահելի գործընկեր, երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող անկախ դերակատար, աջակցում է, որպեսզի ամենախոցելի երեխաների խնդիրները ներառվեն պետական քաղաքականության մեջ՝ գործընկերներին հրավիրելով երեխաների իրավունքների վրա հիմնված օրակարգի շուրջ և տրամադրելով բարձր մակարդակի միջազգային մասնագիտական փորձ:
Աղբյուր: https://www.unicef.org/armenia/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6