Բանկերի և նրանց գործունեության մասին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող եւ գործող բանկերի, նրանց եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի) գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման եւ դադարման, ինչպես նաեւ բանկային գործունեության վերահսկողության կարգը եւ պայմանները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը եւ բանկերի գործունեության իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այդ թվում՝ դուստր բանկերը), նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաեւ օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:

Հոդված 3. Օրենքի հիմնական խնդիրները

Սույն օրենքի հիմնական խնդիրը ՝

բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը եւ բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:

Հոդված 4. Բանկ եւ բանկային գործունեություն

1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:

2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը եւ ավանդն ընդունողի անունից եւ ռիսկով դրանք տեղաբաշխելը՝ վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու եւ (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:

Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է :

Հոդված 5. Բանկային ավանդ

1. Բանկային ավանդ է համարվում բանկ ներդրված այն ավանդը, որը, համաձայն գործարքի պայմանների,

ա) ենթակա է վերադարձման հատուցմամբ կամ առանց հատուցման՝ գումարը տրամադրողի (ավանդատուի) առաջին իսկ պահանջով կամ ավանդատուի եւ բանկի միջեւ համաձայնեցված ժամկետում.

բ) չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ.

գ) չի տրամադրվել որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում, կամ որպես պարտավորության ապահովման միջոց:

2. Բանկային ավանդ է համարվում նաեւ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ նման այլ հաշիվը, ինչպես նաեւ

բանկային ավանդի վրա հաշվարկված, բայց ավանդատուին չվճարված տոկոսները կամ այլ հատուցումը:

Հոդված 6. «Բանկ» բառի օգտագործումը

1. «Բանկ» բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառի օգտագործման իրավունքը վերապահվել է օրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «բանկ» բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը բանկային գործունեությանը չի վերաբերում:

2. Բանկերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Հոդված 7. Բանկային միություններ եւ ասոցիացիաներ

Բանկերն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու եւ բանկերի այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բանկային միություններ եւ ասոցիացիաներ եւ անդամակցել դրանց: Բանկային միություններն ու ասոցիացիաները չեն կարող բանկային գործունեություն իրականացնել: Բանկային միությունները եւ ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցման պահից տասնօրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին:

Հոդված 8. Փոխկապակցված անձինք

1. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

ա) նրանցից մեկը մյուսի դուստրն է.

բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին տնօրինող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) տնօրինում են մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

գ) նրանցից մեկի խորհրդի անդամների, տնօրենների կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց մեծամասնությունը հանդիսանում են մյուս անձի խորհրդի անդամներ, տնօրեններ կամ նման պարտականություններ կատարող այլ անձինք:

2. Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն:

Հոդված 9. Նշանակալից մասնակցություն

Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝

ա) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելին, եթե տվյալ անձը բաժնետիրական ընկերություն է.

բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակիցն ունի տասը տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ անձը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է.

գ) մասնակցի ձայնը գերազանցում է տվյալ իրավաբանական անձի մասնակիցների ձայների ընդհանուր թվի տասը տոկոսը, եթե տվյալ անձը կոոպերատիվ է:

Հոդված 10. Դուստր բանկ

Սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով բանկը համարվում է դուստր, եթե մեկ այլ անձ ունի՝

ա) տվյալ բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելին, եթե տվյալ բանկը բաժնետիրական ընկերություն է.

բ) տվյալ բանկի կանոնադրական հիմնադրամում՝ հիսուն տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ բանկը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է:

Հոդված 11. Բանկերի ինքնուրույնությունը

1. Արգելվում է որեւէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա՝ նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետեւանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Կառավարությունը եւ բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը եւ բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:

4. Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օրտագործումը եւ տնօրինումը, այդ թվում՝ գույքի վերագնահատումը:

Հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: