Սխալների ողբերգություն․․․

Փոխարենը 

 «Փոխարենը գովելու` ինձ անընդհատ քննադատում եք»: Ակնհայտ սխալ է, տվյալ շարադասությամբ տեղին է «փոխանակ» բառ. «Գովելու փոխարեն ինձ անընդհատ քննադատում եք»: Նախադասության շարադասությունը ևս շտկվեց:

 Փոխանակել 

 Որևէ առարկա այլ առարկայի հետ փոխելը փոխանակելն է, այսինքն տալիս ես մեկը, ստանում մյուսը: Իսկ փոխարինելը առարկաների փոփոխությունն է` մեկը կատարում է մյուսի դերը:

«Դերասանուհին իր կոմիկական կերպարը փոխանակել է ողբերգականի հետ»: Ճիշտ չէ, դերասանուհին մի կերպարը փոխարինել է մյուսով:

«Գիրքը փոխարինեց սև հացով»: Փոխանակեց, սա է ճիշտը: Նրբիմաստն այնքան էլ խոր չէ, ընդամենը հարկավոր է ուշադիր լինել:

 Քայլելուց խոսել

 Քայլելուց հետո կարելի է և խոսել, և սնվել, և հանգստանալ: Բայց ինչպես դժվար չէ կռահել` այստեղ խոսվում է գործողության ընթացքի, ավելի ճիշտ երկու գործողությունների համատեղման, համընթացության մասին: Ուստի ճիշտ տարբերակն է` քայլելիս խոսել:

 Տասին տաս պակաս

 Սա ամենատարածված և ինչպես կյանքը ցույց է տալիս, ամենահամառ սխալներից է: Քերականական կանոններում չծավալվելով` միանգամից ամրագրենք` պետք է ասել` «Տասից տասը պակաս»:

 Թեթև ձեռքով

Իմաստափոխված արտահայտություն է, դարձված, ակնարկում է ինչ-որ գործողության չմտածված կատարված լինելը: Շատերը կարծում են, թե դրանով կարելի է ցույց տալ գործողության թեթևությունը, այսինքն դյուրությունը, հեշտ ընթացքը: Նախկինում թերևս այդ իմաստն էլ արտահայտել է, սակայն ժամանակակից հայերենում ծաղրական նրբերանգ է պարունակում:

Սրանից 5 տարի առաջ

«Սրանից» բառը մակաբույծների շարքում է, դրա անհրաժեշտությունը մեր լեզվում բացարձակապես չի զգացվում: Երբ ասում ենք «5 տարի առաջ»` ենթագիտակցորեն հասկանում ենք, որ հաշվարկն սկսվում է այս պահից` սրանից: Մեր ենթագիտակցությունը հրաշալի գործում է, նրան միշտ պետք է վստահել:

Այն բանից հետո, երբ…

Նույն երևույթն է. «Այն բանից հետո, երբ մարզիկները հավաքվեցին… »: Միանգամից երեք ավելորդ բառ, որոնք խանգարում են մտքի ընթացքին, մինչդեռ դրանց բացակայությունը խոսքը դարձնում է հակիրճ ու սրընթաց: Նախադասությունը պետք է սկսել «երբ»-ից, դա է հայերենի տրամաբանությունը:

Թվարկություն

Մեկ, երկու, երեք, հազար, միլիոն… Սա թվարկությունն է, թվերը հերթականությամբ անվանելը: 2010 թվական: Սա մեր ապրած տարեթիվն է: Երեք հազար տասը տարի առաջ մեր թվականությունից առաջ 1000 թվականն էր: Ուրեմն` մեր թվականություն և մեր թվականությունից առաջ:

Այլևս

Բառն «այսուհետ» իմաստով արևելահայերեն է մուտք գործել արևմտահայերենից: Եվ ինչպես շատ հաճախ է պատահում` այնքան է շահարկվել ու չարչրկվել` զրկվել է նույնիսկ նախնական իմաստից: «Այլևս»-ի պոչից բռնած մեր նորաբաններն այլևս մոռացել են մյուս հոմանիշները, նրանց համար հիմա գոյություն ունի միայն սա` թող որ անճիշտ, թող որ ծիծաղաշարժ:

Ոչ միայն …

Ոչ թե …

Անգետների պատճառով մեր լեզվում անտանելի շիլաշփոթ է առաջացել, այս երկու արտահայտություններն այնպես են խառնվել` մեկին իրականությունը բացատրելը դարձել է իսկական տանջանք: Այնինչ կանոնը շատ պարզ է. «ոչ թե»-ին հաջորդում է «այլ»-ը: «Լեզուն ոչ թե փորձարան է, այլ սրբարան»:

Իսկ «ոչ միայն»-ի շարունակությունն է` «այլև»-ը: «Լեզուն ոչ միայն սրբարան է, այլև փորձարան» (անշուշտ խելացիների համար):

Իր մեջ ներառել

«Մեջ»-ը և «ներ»-ը նույն իմաստն ունեն` ցույց են տալիս առարկայի ներսը: Հետևաբար հարկավոր է օգտագործել ձևերից որևէ մեկը, տվյալ դեպքում գերադասելի է «ներառել»-ը: Կանոնը վերաբերում է նաև կրել, պարունակել, բովանդակել բառերին, դրանք ճիշտ են առանց «իր մեջ» բառերի:

Մակաբույծ բառեր՝ ասենք, խոսքի, օրինակ…

Խոսքի մշակույթից հեռու մարդիկ մշտապես մակաբույծ բառեր են կրկնում: Նրանց կարծիքով դա օգնում է մտքերը ճիշտ դասավորելուն` մինչ այդ բառն արտասանում են` մյուսը մտաբերում են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճապաղ, իմաստազուրկ խոսք է դա, լեցուն անհարկի  բառերով: Խելացի մարդիկ ևս զերծ չեն այդ մոլորությունից, ուստի անհրաժեշտ է մտապահել, որ խոսելիս ինքնահսկումը պարտադիր է: Ձեր խոսքն ազատագրեք «ասենք»«խոսքի»«օրինակ»«ուրեմն»«նշանակում է» և այլ բառերի կրկնությունից:

Ջինսեր

Օտար բառ է, սակայն հայերեն համարժեք չունի, և հարկադրաբար գործածում ենք: Ռուսերենում ընդունված է բառի հոգնակին, դա մեքենաբար փոխանցվել է նաև հայերենին, ինչը սխալ է: Իհարկե եթե խոսքը վերաբերում է մի քանի կտորի կամ զգեստի, հոգնակին է հանձնարարելի, բայց եթե նկատի ունենք մեկը` պետք է ասել` ջինս: Ածականը կլինի` ջինսե:

100-ամյա հոբելյան

Ի՞նչ կարելի է հասկանալ այս արտահայտությունից. որ հոբելյանը 100 տարեկան է: Ոչ թե հոբելյարը` մարդը, այլ հենց հոբելյանը, այսինքն տարիքը: Անհեթեթություն է, որն աղետի նման ճարակել է մեր խոսքը, և անգետ թե գիտուն, մտավորական, թե շինական՝ նույնն են կրկնում: Ճիշտ է` 100-ամյակը:

Որևէ մարդիկ

«Որևէ»-ն պահանջում է եզակի թվով լրացում. որևէ մարդ, որևէ երկիր, որևէ ցուցանմուշ, որևէ կենդանի… Ապացուցման, հիմնավորման կարիք չկա` լեզվական հստակ իրողություն է, հայերենի անկապտելի հատկանիշներից մեկը:  Նույն «է» օժանդակ բայն է, որ միշտ եզակի թիվ ունի:

Ցանկացած երկրներ

Կրկին տեղին է եզակին` ցանկացած երկիր: Ցանկացած ասույթ, ցանկացած մատյան, ցանկացած կուսակցություն:

Յուրաքանչյուր տղաներ

Ոչ և ոչ, այս դեպքում ևս լրացման թիվը եզակին է` յուրաքանչյուր տղա: Յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր հասկացություն, յուրաքանչյուր աշխարհամաս…

Այս կամ այն երկրները

«Այս կամ այն»-ը ևս պահանջում է եզակի թվով լրացյալ` այս կամ այն երկիրը, այս կամ այն գիրքը, ուսանողը: Իհարկե, շատ ավելի հայեցի է այս երեք բառը «որևէ»-ով կամ «որևիցե»-ով փոխարինելը:

Դու նրան վերաբերում ես

Բայց դու մարդ ես, ուրեմն պետք է վերաբերվես: Այդպիսին է հայերենի պահանջը: Անձը և անձի առումով օգտագործվող գոյականները «վերաբերվում են»«Հայրը որդուն հոգատարությամբ է վերաբերվում»«Պետությունն այդ հարցերին անթույլատրելի հանգստությամբ է վերաբերվում»:

Իսկ առարկաները «վերաբերում են»«Այդ հարցը նրան չի վերաբերում»:

Ի դեպ անձնական կարծիքս այն է, որ այս տարբերակումն զգալիորեն խանգարում է մեր լեզվի զարգացմանը, կարծես արհեստական մի խոչընդոտ է, որն ինչ-որ քերականներ հորինել են խոսողների զգոնությունն արթուն պահելու համար: Կարծում եմ` ժամանակի ընթացքում սա կհարթվի: Մինչ այդ պարտավոր ենք  նրբերանգն ըմբռնել և ճիշտ կիրառել:

Կրկին անգամ

Կրկնաբանություն է, որովհետև «կրկին» բառը առնվազն երկու անգամի իմաստ է պարունակում: «Անգամ» բառն այստեղ ավելորդ է, ինչպես ավելորդ է եռակի անգամ, քառակի անգամ և այլ արտահայտություններում: Կրկին համոզվում ենք, որ մեր լեզուն ստուգություն է սիրում:

Եթե, ապա

Հայոց լեզվի շարակարգությունը որոշակի կանոններ ունի, դրանցից մեկն էլ եթե-ապա հերթականությունն է. «Եթե ուսանողը քննությունները լավ հանձնի, ապա կազատվի վարձավճարից»: Այսպես ասողին և գրողին կարելի է միայն գովաբանել: Այդուհանդերձ արձանագրենք, որ մտքի արագընթացության մեր ժամանակներում «ապա»-ն շատ հաճախ է դիրքերը զիջում: Արդի հայերենում նկատվող միտումներից մեկը հենց դա է. «Եթե ուսանողը քննությունները լավ հանձնի` վարձավճարից կազատվի»: Միտքն ամփոփվեց մեկ բութով, հընթացս նախադասության վերջին հատվածն ավելի հայացավ:

Տարիների ընթացքում

Իսկական համաճարակ է: «Այդ տարիների ընթացքում նա հասցրել է իմաստնանալ»: Իմաստնանալը հրաշալի է, բայց ինչու տարիների ընթացքում, երբ հայերենին շատ ավելի հարազատ է «տարիներին»-ը:

Բեմի վրա

Բեմում: Պարում, երգում, խաղում, հանդես են գալիս բեմում, ոչ թե նրա վրա: Օտարաբանություն է, անհարազատ մտածելակերպ, որոնցից ժամ առաջ պետք է ազատվել: Նույն կերպ՝ տունը ոչ թե փողոցի վրա է, այլ փողոցում:

Ուշադրություն դարձնել վրա

Վրա-ի գործածությունը մեր լեզվին խորթ չէ, սակայն միտումը դրա վերացումն է. «Ուշադրություն դարձրու դրան», ոչ թե` դրա վրա:

Սիրահարվել վրա

Սերը տիեզերքի ամենավսեմ զգացմունքն է, միայն ու միայն հոգու հատկանիշ: Սիրահարվում են մեկին: Նրան: Զարմանալի է, որ հարազատ արտահայտչաձևի փոխարեն ամենուր թարգմանական սխալն է իշխում:

Կազմում է միլիոն դրամ

Հասկանալի է, թե այս «կազմում է»-ն որտեղից է հայտնվել մեր լեզվում, բայց որ շարունակում է տարածք նվաճել ու նահանջելու միտում ցույց չի տալիս` արդեն մտահոգիչ է: Իրականում մենք այդ բառի կարիքն ամենևին չունենք. «Նրա ունեցվածքը 100 միլիոն դոլար է»: Պարտադի՞ր է, որ կազմի: Ասված է ճշգրիտ, սահուն ու համոզիչ:

Երգիչ—երգչուհի

Հեռուստատեսային հորինվածք է, երկու տասնամյակից ավելի ականջ է սղոցում: Եթե առաջնորդվենք սրանց տրամաբանությամբ` բոլոր մասնագետներին պետք է սեռերի բաժանենք` բժիշկ-բժշկուհի, թավջութակահար-թավջութակահարուհի… և հասնենք ամենատխմար բաժանմանը` մարդ-մարդուհի: Ինչպես մնացած դեպքերում` հարկավոր է բավարարվել երգիչ բառով: Ունկնդիրներն անպայման կհասկանան, որ դա վերաբերում է նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Պետք չէ մոռանալ` ունկնդիրները խելացի հասարակություն են:

 Նրանց մեջ

Ասում և անգամ գրում են. «Նրանց մեջ ընկերական հարաբերություններ կան»: Ըստ երևույթին պետք է հասկանալ` նրանց մտքում, գլխում, հոգում, սրտում և այլուր: Բայց այդպես չէ` հարաբերությունները նրանց միջև են, այսինքն ընդամենը բառերն են շփոթել: «Մեջ»-ը և «միջև»-ն այլ իմաստներ ունեն, դրանց տարբերակումը պարտադիր է:

Որը որ

Խոսքը տգեղացնող, արժեզրկող կրկնություն, պարզիպարզո` չիմացության հետևանք: Երկրորդ «որը» միանգամայն ավելորդ է, այն աստիճան, որ խուսափում եմ որևէ օրինակ բերելուց:

Ուժեղ զգացմունք

Ուժեղությունը, ինչպեսև թիկնեղությունը, մարմնեղությունը հատուկ են մարդուն, այդ իսկ պատճառով այստեղ համապատասխանում է «ուժգին» բառը: Ուժգին, սաստիկ, բուռն զգացմունք: Ուժեղ մարդ, ուժեղ ազգ, ուժեղ անհատ: Գունեղ, համեղ ածականներն այլ խոսքաշարում են կիրառվում:

Ներեղություն

Որքան քիչ մարդ է այս բառը ճիշտ արտասանում: Հիշելու համար կարելի է մտքում փոքրիկ վարժություն անել՝ բառը կազմել այլ մասերից, ասենք` ներող եղեք, ներող կլինեք: Ահաև մոտեցանք ճիշտ` «ներողություն» բառին: Փորձեք ընդմիշտ հիշել:

Աչքի է ընկնում իր սկզբունքայնությամբ

Ինչ հրաշալի արժանիք: Միայն թե «իր»-ը բացարձակապես ավելորդ է: Մարդն ուրիշ ո՞ւմ սկզբունքայնությամբ պետք է աչքի ըկնեի, եթե ոչ` սեփականով: Կամ` «Նա իր տաղանդով ապացուցեց, որ իսկական մեծություն է»«Իր»-ը կրկին տեղին չէ, ոչինչ չի ավելացնում, միայն ծանրաբեռնում է խոսքը:

Բարի առավոտ

Իսկ ո՞ւր մնաց հայերեն-հայեցի-հայաշունչ «Բարի լույսը»: Սա էլ արտահայտչաձև է և լեզու մուտք գործելու իրավունք ունի, բայց առավել ճիշտն ու ավանդականը դուրս մղելու գնո՞վ: Օտար լեզուները պետք է մեր մայրենին հարստացնելու ներուժ ունենան, ոչ թե նրան հաղթելու, այն աղավաղելու պնդերեսություն: Ասենք լեզուները մեղք չունեն, մեղավոր ենք ինքներս` մեր թեթևամտությամբ ու ծուլությամբ: Ինչևէ, չմոռանանք, որ հայերիս համար ամեն ինչից առավել բարի է լույսը:

Եվրո…

Ընդունված կարծիք է, թե այս բառի արմատը եվրո-ն է, ուստի նոր կազմություններում ո-ն պետք է պահպանել: Թյուրընկալում է, արմատը եվր-ն է, հետևաբար ճիշտը «ա» հոդակապին ապավինելն է` Եվրադատարան, Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան և այլն:

Նրան հետաքրիր է

Նրա համար է հետաքրքիր կամ նրան հետաքրքրում է, իսկ վերոբերյալ ձևը հատուկ է օտար լեզուներին:

Քեզ թեյ կբերի

«Քեզ համար թեյ կբերի»«Քեզ թեյ կմատուցի»: Սա է հայերենին բնորոշ մտածելակերպը, որով էլ պայմանավորված են քերականական ձևերը: Վերնագրի կարգի սխալներով լեփլեցուն են ռուսերենից թարգմանված ֆիլմերն ու հաղորդումները, դրանք ամենաիսկական կրկնօրինակումներ են: Աչքի է զարնում, որ թարգմանիչները զուրկ են մեր լեզվի տարրական իմացությունից և մանավանդ հայերենի լեզվամտածողությունից:

Ավել

Չկռահեցիք` հատակ ավլելու հարմարանքի մասին չենք խոսում, այլ պահանջվածից շատ լինելու. «Նրա սպասումներն ավելին էին»:

Արտառոց նախարարություն

«Արտառոցը» «արտակարգի» հետ շփոթողը հավանաբար հենց այսպես կկոչի Արտակարգ իրավիճակների նախարարությունը և իհարկե՝ կընկնի անհեթեթության գիրկը: Արտառոցն այն երևույթը կամ անձնավորությունն է, որը մնացածից տարբերվում է անսովորությամբ ու տարաշխարհիկությամբ, նաև՝ կանոնից շեղմամբ: Իսկ արտակարգը կարգ-ից դուրս է դրական առումով: Արտակարգ՝ բարձրարվեստ, քանքարավոր ներկայացում, բայց՝ արտառոց՝ տարօրինակ, անսպասելի արարք:

Ի օգուտ

«Ի» նախդիրը նույնն է մնում  բաղաձայնից առաջ, իսկ ձայնավորից առաջ դառնում է հ` համոթ, հօգուտ, հապացույց, բայց` ի հեճուկս, ի տարբերություն, ի նշան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: